ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ



  1. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ


    1. Ծրագրային ապահովում՝ ցանկացած միջնորդ ծրագիր, հավելված կամ գործիք, որը Ձեզ տրամադրվում է Յուքոմի կողմից Ծառայությունները ներբեռնելու համար՝ նպատակ ունենալով հեշտացնել Ձեր հասանելիությունը Ծառայություններին, դրանց հետ աշխատանքը և (կամ) դրանց օգտագործումը:

    2. Երրորդ անձանց բովանդակություն՝ երրորդ անձանց կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվող ծրագրային ապահովում, տվյալներ, տեքստ, պատկերներ, ձայնագրություններ և տեսագրություններ, լուսանկարներ և այլ բովանդակություն ու նյութեր՝ ցանկացած ձևաչափով, որոնք չեն վերաբերում Յուքոմի ծառայություններին և որոնք Ձեզ հասանելի են դարձել Ծառայությունների միջոցով կամ Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման հետ կապված: Երրորդ անձանց բովանդակության օրինակ են հանդիսանում սոցիալական կայքերում պարունակվող տվյալները, բլոգներից տեսանյութերի հեռարձակման RSS ուղիները, ինչպես նաև Յուքոմի տվյալների գրադարանները, բառարանները և մարքեթինգային տվյալները: Երրորդ անձանց բովանդակությունը ներառում է երրորդ անձանց նյութերը, որոնք Դուք ստացել եք Յուքոմի կողմից մատուցվող Ծառայությունները կամ տրամադրվող ցանկացած գործիք օգտագործելու ժամանակ:

    3. Օգտատերեր՝ Ծառայությունների մասով՝ այն աշխատողները, կապալառուները կամ վերջնական օգտատերերը՝ կախված կոնկրետ դեպքից, ովքեր լիազորված են Ձեր կողմից կամ Ձեր անունից օգտագործել Ծառայությունները՝ սույն Պայմանագրին և Ձեր պատվերին համապատասխան: Այն Ծառայությունների մասով, որոնք հատուկ մշակված են Ձեր հաճախորդների, գործակալների, պատվիրատուների, մատակարարների կամ այլ երրորդ անձանց կողմից Ձեզ հետ փոխազդելու նպատակով Ծառայություններին հասանելիություն ունենալու համար, այդպիսի երրորդ անձինք են համարվում «Օգտատերեր»՝ համաձայն սույն Պայմանագրի և Ձեր պատվերի պայմանների:

    4. Ձեր բովանդակությունը՝ Ձեր կամ Ձեր ցանկացած օգտատիրոջ կողմից տրամադրվող և Ծառայություններում ներառված կամ դրանց միջոցով աշխատող ծրագրային ապահովում, տվյալներ (ներառյալ Անձնական տվյալները) տեքստ, պատկերներ, ձայնագրություններ և տեսագրություններ, լուսանկարներ, հավելվածներ, որոնք չեն հանդիսանում Յուքոմի հավելվածներ, կամ երրորդ անձանց հավելվածներ՝ ցանկացած ձևաչափով: Սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունները, ներառյալ Յուքոմի ծրագրային ապահովումը, Յուքոմի այլ պրոդուկտներն ու ծառայությունները, Յուքոմի մտավոր սեփականության օբյեկտները և դրանց հիման վրա ստեղծված ածանցյալ ստեղծագործությունները չեն հանդիսանում «Ձեր բովանդակությունը»: Ձեր բովանդակությունը պարունակում է Յուքոմի մատուցած Ծառայությունները կամ տրամադրած գործիքները օգտագործելու ժամանակ Ձեր կողմից Ծառայություններում ներառված երրորդ անձանց ցանկացած բովանդակություն:


  1. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ


    1. Սույն Պայմանագրի համաձայն Յուքոմը Ձեզ մատուցում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող՝ http://www.ucloudspace.am/ պորտալում (այսուհետ՝ “Պորտալ”) սահմանված ծառայությունները (այսուհետ՝ «Ծառայություններ» կամ ‹‹Ծրագրային Ծառայություններ››), իսկ Դուք վճարում եք դրանց դիմաց Պայմանագրով սահմանված չափով և կարգով: Եթե այլ բան սահմանված չէ սույն Պայմանագրում, ապա Դուք ունեք Պորտալում սահմանված Ծառայությունն օգտագործելու ոչ բացառիկ իրավունք: Դուք կարող եք թույլ տալ Ձեր Օգտատերերին Ծառայություններն օգտագործել սահմանված նպատակով և պատասխանատվություն եք կրում վերջիններիս կողմից սույն Պայմանագրի պայմանների կատարման համար:

    2. Ծառայությունների մատուցման ժամանակահատվածում մենք կարող ենք փոփոխություններ կատարել Ծառայություններում, ի թիվս այլ փոփոխությունների, օրենսդրությունում, նորմերում, կանոններում, տեխնոլոգիաներում, արտադրության գործընթացի առանձնահատկություններում, համակարգի օգտագործման բնույթում և Երրորդ անձանց բովանդակության հասանելիության մեջ տեղի ունեցած փոփոխությունները դրանցում արտացոլելու համար:

    3. Դուք իրավունք չունեք և չեք կարող թույլ տալ կամ հանձնարարել ուրիշներին (ա) Ծառայություններն օգտագործել այլ անձանց անհանգստություն պատճառելու, նրանց կամ նրանց գույքին վնաս հասցնելու, կեղծ, զրպարտական, անհանգստացնող և վիրավորական բնույթի նյութեր հրապարակելու, գաղտնիության դրույթը խախտելու, անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն և ատելություն սերմանող գաղափարներ քարոզելու կամ վնաս պատճառելու, զանգվածային բնույթի անցանկալի/չպահանջված էլեկտրոնային հաղորդագրություններ, գովազդային հաղորդագրություններ, սպամ կամ շղթայական նամակներ ուղարկելու, սեփականության իրավունքները խախտելու կամ այլ կերպ գործող օրենսդրությունը, հրամանագրերը կամ նորմերը խախտելու նպատակով, (բ) իրականացնել Ծառայությունների էտալոնային, հասանելիության կամ արդյունավետության թեստավորում կամ բացահայտել այդպիսի թեստավորման արդյունքները, (գ) իրականացնել ցանցի հայտնաբերմանը, պորտերի և ծառայությունների նույնականացմանը, խոցելիության հայտնաբերմանը և գաղտնաբառերի բացահայտմանն ուղղված թեստավորումներ, Ծառայություններին հեռակա հասանելիության կամ չարտոնված ներթափանցման թեստավորում կամ բացահայտել այդպիսի թեստավորումների արդյունքները (այսուհետ՝ «Ընդունելի օգտագործման քաղաքականություն»): Ի լրումն սույն Պայմանագրով և Ձեր պատվերով մեզ տրված իրավունքներին՝ Ընդունելի օգտագործման քաղաքականության խախտման դեպքում մենք իրավունք ունենք ձեռնարկել ուղղիչ միջոցառումներ՝ ընդհուպ մինչև նշված քաղաքականության դրույթները խախտող նյութերի հեռացումը կամ այդպիսի նյութերին հասանելիության կասեցումը:

    4. Յուքոմի՝ Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմանները կիրառելի են սույն Պայմանագրի հիման վրա Կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով վերաբերելի են նշված հարաբերություններին և Ծառայություններին:


  1. ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ


    1. Սույն Պայմանագրով վճարման ենթակա բոլոր գումարները պետք է վճարվեն հաշիվը ներկայացնելուց հետո, ոչ ուշ քան հաշվի մեջ նշված վճարման վերջնաժամկետի օրը: Պատվիրվող Ծառայությունների ծավալը գերազանցելու դեպքում Դուք պարտավոր եք անմիջապես գնել գերազանցող ծավալը և կատարել համապատասխան վճարումներ:

    2. Դուք գիտակցում եք, որ պատվիրված Ծառայությունների համար Ձեզ կարող է ներկայացվել մի քանի հաշիվ:


  1. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ


    1. Դուք և Ձեր լիցենզատուները պահպանում եք Ձեր բովանդակության նկատմամբ բոլոր սեփականության և մտավոր սեփականության իրավունքները: Մենք կամ մեր լիցենզատուները պահպանում ենք Ծառայությունների, դրանց հիման վրա ստեղծված ածանցյալ ստեղծագործությունների, ինչպես նաև սույն Պայմանագրի շրջանակներում մեր կողմից կամ մեր անունից մշակված կամ մատուցված ցանկացած ծառայության նկատմամբ բոլոր սեփականության և մտավոր սեփականության իրավունքները:

    2. Դուք ունեք Ծառայությունների միջոցով Երրորդ անձանց բովանդակությունն օգտագործելու իրավունք: Երրորդ անձանց բովանդակության նկատմամբ բոլոր սեփականության և մտավոր սեփականության իրավունքները և այդպիսի բովանդակության օգտագործումը կարգավորվում են երրորդ անձանց կողմից սահմանված՝ Ձեր և երրորդ անձանց միջև գործող առանձին պայմաններով:

    3. Սույն Պայմանագրի և Ձեր պատվերի կատարման նպատակով և դրանց համաձայն՝ Դուք մեզ իրավունք եք վերապահում Ծառայությունները մատուցելու նպատակով տեղադրել, օգտագործել, մշակել, ցուցադրել և փոխանցել Ձեր բովանդակությունը: Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում Ձեր բովանդակության ճշգրտության, որակի, ամբողջականության, իրավաչափության, հուսալիության և պատշաճության, ինչպես նաև Ձեր բովանդակության հետ կապված բոլոր իրավունքների ձեռք բերման համար, որոնք անհրաժեշտ են Յուքոմին Ծառայությունները մատուցելու համար:

    4. Դուք իրավունք չունեք, ինչպես նաև չեք կարող թույլ տալ կամ հանձնարարել ուրիշներին (ա) փոփոխություններ կատարել Ծառայություններում, դրանց հիման վրա ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, իրականացնել Ծառայությունների որևէ մասի (ներառյալ ծրագրերի կողմից ստեղծվող տվյալների կառուցվածքները կամ նմանատիպ նյութերը) կազմաքանդում, դեկոմպիլյացիա, հակառակ ինժեներիա, վերարտադրություն, վերաթողարկում, ներբեռնում կամ կրկնօրինակում, եթե միայն օրենքով չի պահանջվում թույլ տալ այդպիսի գործողությունների կատարումը՝ փոխազդելու հնարավորություն ստեղծելու համար, (բ) հասանելիություն ունենալ Ծառայություններին կամ օգտագործել դրանք Յուքոմի համար մրցակցային հանդիսացող պրոդուկտների կամ ծառայությունների ստեղծման կամ աջակցման (ուղղակի կամ անուղղակի) համար, կամ (գ) Ծառայությունները լիցենզավորել, վաճառել, փոխանցել, զիջել դրանց նկատմամբ իրավունքները, տարածել, պատվիրակել, թույլ տալ ժամանակային տարանջատմամբ կամ ծառայությունների բյուրոյի տեսքով դրանց համատեղ օգտագործումը, կոմերցիոն շահագործումը կամ Ծառայությունները մատուցել որևէ երրորդ անձի՝ սույն Պայմանագրով կամ Ձեր պատվերով չհամաձայնեցված նպատակով:


  1. ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


    1. Սույն Պայմանագրի կատարման նպատակով կողմերը կարող են միմյանց համար բացահայտել գաղտնի տեղեկատվություն («Չբացահայտված տեղեկատվություն»): Չբացահայտված տեղեկատվությունը սահմանափակվում է սույն Պայմանագրում և Ձեր պատվերում սահմանված պայմաններով և գներով, Ծառայություններում ներառված Ձեր բովանդակությամբ, ինչպես նաև բացահայտման պահին որպես գաղտնի նշագրված ողջ տեղեկատվությամբ:

    2. Կողմերի Չբացահայտված տեղեկատվությունը չի ներառում այն տեղեկատվությունը, որը (ա) հանդիսանում կամ դառնում է հանրության համար հասանելի ոչ մյուս կողմի գործողությունների կամ անգործության արդյունքում, (բ) մինչև տրամադրումը գտնվել է մյուս կողմի օրինական տիրապետման ներքո և մյուս կողմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տրամադրվել բացահայտող կողմից կողմից, (գ) օրինական կերպով տրամադրվել է մյուս կողմին երրորդ անձանց կողմից՝ առանց դրա բացահայտման սահմանափակումների, կամ (դ) ինքնուրույն մշակվել է մյուս կողմի կողմից:

    3. Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է բացահայտող կողմի կողմից Չբացահայտված տեղեկատվությունը ստացող կողմին տրամադրելուց հետո 5 տարվա ընթացքում երրորդ անձանց համար չբացահայտել մյուս կողմի Չբացահայտված տեղեկատվությունը հաջորդ նախադասությունում կողմերի միջև համաձայնեցված նպատակներից բացի այլ նպատակներով: Այնուամենայնիվ, մենք կպահպանենք Ծառայություններում ներառված Ձեր բովանդակության գաղտնիությունը այնքան ժամանակ, որքան այն կհանդիսանա Ծառայությունների մաս: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի բացահայտել Չբացահայտված տեղեկատվությունը միայն այն աշխատողների, գործակալների կամ ենթակապալառուների համար, ովքեր պարտավոր են պաշտապանել այդպիսի տեղեկատվությունը չարտոնված բացահայտումից ոչ պակաս, քան սույն Պայմանագրով նախատեսված չափով, և կողմերից յուրաքանչյուրը կարող է բացահայտել մյուս կողմի Չբացահայտված տեղեկատվությունը որևէ դատավարության շրջանակներում կամ պետական մարմնի պահանջով՝ օրենքով սահմանված կարգով: Մենք կպահպանենք Ծառություններում ներառված Ձեր բովանդակության գաղտնիությունը՝ համաձայն Ձեր պատվերով նախատեսված Ծառայությունների նկատմամբ կիրառելի՝ Յուքոմի կողմից կիրառվող անվտանգության ապահովման մեթոդների:


  1. ՁԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


      Դուք պատասխանատվություն եք կրում անվտանգության համակարգի ցանկացած խոցելիության և դրա հետևանքների համար, որոնց առաջացման պատճառները կապված են Ձեր բովանդակության (ներառյալ դրանում առկա ցանկացած տեսակի վիրուսները, Տրոյան վիրուսը և այլ վնասակար ծրագրերը) կամ Ձեր կողմից Ծառայությունները սույն Պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան օգտագործելու հետ: Դուք կարող եք երրորդ անձանց համար բացահայտել կամ նրանց փոխանցել Ձեր բովանդակությունը: Այդ դեպքում մենք այլևս պատասխանատվություն չենք կրում Յուքոմի գործունեության շրջանակներից դուրս այդպիսի բովանդակության անվտանգության կամ գաղտնիության ապահովման համար:


  1. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ


    1. Կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է, որ սույն Պայմանագիրն իր կողմից կնքվել է օրինական հիմքով՝ ունենալով դրա համար համապատասխան իրավասությունները: Մենք երաշխավորում ենք, որ Ծառայությունների մատուցման ժամանակահատվածում Ծառայությունները մատուցելու ենք բոլոր էական առումներով գործադրելով կոմերցիոն բոլոր ողջամիտ ջանքերը և ներդնելով մասնագիտական հմտությունները: Ծառայությունները նշված երաշխիքային պարտավորություններին ոչ համապատասխան մատուցելու դեպքում Դուք պարտավոր եք այդ մասին անհապաղ գրավոր ծանուցում ուղարկել մեզ՝ ծանուցման մեջ նշելով Ծառայությունների թերությունները:

    2. ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԹԵՐԻ ԿԱՄ ԱՆԽԱՓԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՄ ԱՅՆ, ՈՐ ՄԵՆՔ ԿՎԵՐԱՑՆԵՆՔ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԿԱՄ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻՆ: ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՁԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ:

    3. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՂՄԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԱՏՈՒԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ՊԱՏՃԱՌՎԱԾ, ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ, ՇԱՀՈՒՅԹԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ), ՎԱՃԱՌՔԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ:

  1. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ


    1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: Յուքոմը և Պատվիրատուն կարող են վաղաժամկետ լուծել Պայմանագիրը 60 (վաթսուն) օր առաջ գրավոր ծանուցելով Պայմանագիրը լուծելու մտադրաության մասին:

    2. Մենք կարող ենք կասեցնել Ձեր կամ Ձեր Օգտատերերի հասանելիությունը Ծառայություններին կամ Ծառայությունների օգտագործումը՝ առանց դրա համար պատասխանատվություն կրելու, եթե կարծում ենք, որ (ա) առկա է Ծառայությունների գործառնությանը, անվտանգությանը, ամբողջականությանը կամ հասանելիությանը կամ Ծառայություններում ներառված բովանդակությանը, տվյալներին կամ հավելվածներին ուղղված էական սպառնալիք, (բ) Դուք կամ Ձեր Օգտատերերը Ծառայություններն օգտագործում եք ապօրինի գործողություններ իրականացնելու նպատակով, (գ) հայտնաբերվել է Ընդունելի օգտագործման քաղաքականության խախտման փաստ կամ (դ) եթե դա պահանջվում է գործող օրենսդրությամբ այն դեպքում, երբ Դուք, ենթադրաբար կամ փաստացիորեն, չեք կատարում անձնական տվյալների տրամադրման Ձեր պարտավորությունը: Ողջամիտ և օրենքով թույլատրելի լինելու դեպքում մենք Ձեզ նախապես կծանուցենք այդպիսի կասեցման մասին: Մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք Ծառայությունների մատուցման գործընթացն անհապաղ վերսկսելու ուղղությամբ այն բանից հետո, երբ որոշենք, որ Ծառայությունների կասեցման պատճառ դարձած խնդիրը լուծված է: Կասեցման ժամանակահատվածում Դուք կարող եք հասանելիություն ունենալ Ձեր բովանդակությանը (այնպես, ինչպես կասեցման օրվա դրությամբ): Սույն կետում նշված պատճառներով Ծառայությունների ցանկացած կասեցում Ձեզ չի ազատում սույն Պայմանագրով նախատեսված Ձեր վճարման պարտավորությունները կատարելու պարտավորությունից:

    3. Սույն Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից կամ սույն Պայմանագրի լուծումից հետո շարունակում են ուժի մեջ մնալ սույն Պայմանագրի՝ պատասխանատվությունից հրաժարման, վնասների հատուցման և վճարների վերաբերյալ դրույթները, ինչպես նաև բոլոր այն դրույթները, որոնք, իրենց բնույթով պայմանավորված, պետք է շարունակեն մնալ ուժի մեջ:


  1. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐ


    1. Ծառայությունները կարող են Ձեզ ընձեռել Ձեր կամ Երրորդ անձանց բովանդակությունը փոխանցելու կամ երրորդ անձանց ինտերնետային կայքերին, հարթակներին, բովանդակությանը, պրոդուկտներին, ծառայություններին և տեղեկատվությանը (այսուհետ՝ «Երրորդ անձանց ծառայություններ») հղում կատարելու կամ այլ կերպ դրանց հասանելիություն ունենլու հնարավորություն: Յուքոմը չի իրականացնում Երրորդ անձանց ծառայությունների վերահսկողություն և պատասխանատվություն չի կրում դրանց համար: Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում Երրորդ անձանց ծառայություններին հասանելիություն ունենալու և դրանց օգտագործման պայմանների կատարման համար, իսկ, եթե Ձեր անունից Յուքոմն է հասանելիություն ունենում Երրորդ անձանց ծառայություններին կամ օգտագործում դրանք Ծառայությունների մատուցման գործընթացին նպաստելու համար, ապա Դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում այդպիսի հասանելիության կամ օգտագործման (այդ թվում՝ Ձեզ տրամադրված կամ այլ կերպ Ձեզ համար ստեղծված գաղտնաբառերի, մուտքային տվյալների կամ նույնականացնող սարքի միջոցով)` ծառայություններին հասանելիություն ունենալու կամ դրանք օգտագործելու համար սահմանված պայմաններին համապատասխանությունն ապահովելու համար: Եթե Դուք Ծառայությունների միջոցով Երրորդ անձանց ծառայություններին կամ այլ վայր եք փոխանցում կամ հանձնարարում եք փոխանցել Ձեր կամ Երրորդ անձանց Բովանդակությունը, ապա այդպիսի փոխանցումը համարվում է կատարված Ձեր, այլ ոչ թե Յուքոմի կողմից:

    2. Մեր միջոցով հասանելի դարձող ցանկացած Երրորդ անձանց բովանդակություն տրամադրվում է «այնպես, ինչպես կա» և «ըստ հասանելիության» սկզբունքով՝ առանց որևէ երաշխիքի: Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում և պարտավոր չենք իրականացնել Երրորդ անձանց բովանդակության վերահսկողություն, մշտադիտարկում կամ ուղղում: Օրենքով թույլատրելի չափով մենք հրաժարվում ենք որևէ պատասխանատվությունից, որը կարող է առաջ գալ Երրորդ անձանց բովանդակության հետ կապված:

    3. Դուք ընդունում եք, որ (ա) Երրորդ անձանց բովանդակության բնույթը, տեսակը, որակը և հասանելիությունը Ծառայությունների մատուցման ժամանակահատվածում կարող են ցանկացած պահի փոփոխվել և, որ (բ) Երրորդ անձանց ծառայությունների հետ փոխազդող Ծառայությունների (FacebookTM, YouTubeTM TwitterTM և այլն) գործառույթները կախված են այդպիսի երրորդ անձանց կիրառական ծրագրավորման ինտերֆեյսերի (API) մշտական հասանելիությունից: Մենք կարող ենք թարմացնել, փոփոխել կամ ձևափոխել սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունները այդպիսի Երրորդ անձանց բովանդակության, Երրորդ անձանց ծառայությունների կամ API-ների փոփոխության կամ անհասանելիության արդյունքում: Եթե որևէ երրորդ անձ դադարեցնում է Ծառայություններին հասանելիություն ունենալու համար, մեր կարծիքով, ողջամիտ պայմաններով Երրորդ անձանց բովանդակության կամ API-ների տրամադրումը, ապա մենք իրավունք ունենք կասեցնել այդպիսի Երրորդ անձանց բովանդակությանը կամ Երրորդ անձանց ծառայություններին հասանլեիությունը՝ առանց Ձեր առջև որևէ պատասխանատվություն կրելու: Երրորդ անձանց բովանդակության, Երրորդ անձանց ծառայությունների կամ API-ների փոփոխությունները, ներառյալ Ծառայությունների մատուցման ժամանակահատվածում դրանց հասանելիությունը կամ անհասանելիությունը, չեն ազդում սույն Պայմանագրով կամ համապատասխան պատվերով Ձեզ համար նախատեսված պարտավորությունների վրա, և այդպիսի փոփոխություններով պայմանավորված՝ Դուք իրավունք չունեք պահանջել վճարված գումարների վերադարձ, երաշխիք կամ այլ տեսակի փոխհատուցում:


  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)


      Կողմերը պատասխանատվություն չեն կրում ծառայությունները չմատուցելու կամ ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու համար, եթե դրա պատճառ են հանդիսանում պատերազմը, թշնամական գործողությունները կամ նենգադուլը (սաբոտաժ), տարերային աղետները, համաճարակը, կողմերից անկախ պատճառներով էլեկտրոնային, հեռահաղորդակցության սարքավորումների կամ համացանցին միանալու միջոցների աշխատանքի խափանումը, կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները (արտահանման, ներմուծման կամ այլ թույլտվությունների չտրամադրումը կամ դրանց չեղարկումը) կամ կողմերի ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած այլ հանգամանք: Կողմերը պարտավորվում են ողջամիտ ջանքեր գործադրել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքները մեղմելու ուղղությամբ: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է ավելի քան 30 օր, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղարկել չմատուցված Ծառայությունները և չկատարված պատվերները՝ այդ մասին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով մյուս կողմին: Սույն կետը չի չեղարկում անհաղթահարելի ուժի ազդեցությունից հետո կողմերի կողմից՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան ողջամիտ ջանքեր գործադրելու պարտավորությունը, ինչպես նաև մատուցված Ծառայությունների դիմաց Ձեր վճարման պարտավորությունը:


  1. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ


    1. Սույն Պայմանագրի շրջանակներում կողմերի կողմից ծանուցումները միմյանց ուղարկվում են գրավոր կերպով:

    2. Մենք կարող ենք մեր պատվիրատուներին ծանուցումներ ուղարկել Ծառայությունների համար նախատեսված Յուքոմ պորտալի՝ ծանուցումների ուղարկման ընդհանուր ծառայության միջոցով, իսկ միայն Ձեզ վերաբերող ծանուցումները՝ մեզ մոտ գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեով կամ Ձեր հասցեով՝ պատվիրված նամակով կամ փոստային առաքմամբ:


  1. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԻՋՈՒՄ


      Դուք չեք կարող զիջել սույն Պայմանագրով նախատեսված Ձեր իրավունքները կամ փոխանցել Ծառայությունները կամ դրանց նկատմամբ ունեցած շահը որևէ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:


  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    1. Դուք համաձայնում եք, որ սույն Պայմանագիրը, Յուքոմի պաշտոնական վեբ կայքի և Պորտալի համապատասխան հղումները և դրանում պարունակվող տեղեկատվությունը միասին հանդիսանում են Ձեր Ծառայությունների վերաբերյալ ամբողջական Պայմանագիր և փոխարինում են այդպիսի Ծառայությունների մասով կողմերի միջև ձեռք բերված բոլոր նախկին և ներկայիս գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններին կամ կողմերի կողմից արված գրավոր կամ բանավոր հայտարարություններին:

    2. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով` երկու հավասարազոր օրինակից: