Հանգուցային անվանման գրանցման և վիրտուալ սերվերների հյուրընկալման


ծառայությունների մատուցման պայմաններ


 


 



  1. Ծառայություններ


 



  • Սույն Պայմաններով (այսուհետ` նաև «Պայմանագիր») Կատարողը պարտավորվում է վճարի դիմաց Պատվիրատուին մատուցել Պայմանագրի2. կետում նշված ծառայությունները (այսուհետ` «Ծառայություններ»), իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Ծառայությունների դիմաց` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

  • Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի պահանջով մատուցել հետևյալ Ծառայությունները.

    • Ինտերնետային համաշխարհային ցանցի (այսուհետ` «Ինտերնետ») .AM տիրույթում http://www.ucloudspace.am/ պորտալում (այսուհետ՝ “Պորտալ”) նշված Պատվիրատուի հանգուցային անվանման կամ անվանումների (այսուհետ` «Հանգուցային անվանում») գրանցում,

    • Պորտալում նշված Հանգուցային անվանմամբ վեբ և էլեկտրոնային փոստի վիրտուալ սերվերների հյուրընկալում, DNS (հանգուցային անվանման համակարգի) հասցեների գրանցում:



  • Պատվիրատուին մատուցվող Ծառայությունների տեսակը, քանակը, Ծառայությունների տեխնիկական հնարավորությունները, պայմանները և բնութագրերը, ինչպես նաև սակագները սահմանվում են Պորտալում:


 



  1. Ծառայությունների մատուցման հիմնական պայմանները


 



  • Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրով սահմանված վճարները կատարելուց հետո Կատարողը տեղադրում է Պատվիրատուի տեղեկատվական նյութերը և ֆայլերը, հյուրընկալում է Հանգուցային անվանումը, վեբ և էլեկտրոնային փոստի սերվերները, DNS հասցեների գրառումներն իր տեխնիկական ռեսուրսների վրա, ապահովում է Պատվիրատուի Հանգուցային անվանման, DNS հասցեների և համապատասխան տվյալների հասանելիությունն Ինտերնետում` Պորտալով նախատեսված Ծառայության փաթեթի պայմանների համաձայն:

  • Կատարողն Պատվիրատուին է տրամադրում իր հիշողության սկավառակի վրա տարածք, FTP (տվյալների փոխանցման հաղորդակարգի) մուտքի հնարավորություն, ստեղծում վիրտուալ սերվեր Պատվիրատուի Հանգուցային անվանմամբ և հատկացնում ցանցային վավերապայմաններ (մուտքանուն, գաղտնաբառ) վիրտուալ սերվերի կառավարման համար:

  • Մատուցվող Ծառայությունների տեխնիկական չափանիշները կարող են փոփոխվել Կատարողի կողմից` Պատվիրատուի գրավոր դիմումի հիման վրա:

  • Հանգուցային անվանման գրանցման վավերականությունը կարելի է ստուգել Պորտալում կամ http://www.amnic.net/whois կայքում:


 



  1. Ծառայությունների սահմանափակումը, կասեցումը և դադարեցումը


 



  • Կատարողն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել, սահմանափակել (այդ թվում` սահմանափակել Պատվիրատուի վիրտուալ սերվերի կառավարման և FTP մուտքի հնարավորությունը, Հանգուցային անվանման, տվյալների, ինտերնետային կայքէջի հասանելիությունն Ինտերնետում), դադարեցնել Ծառայությունների մատուցումը կամ միակողմանի լուծել սույն Պայմանագիրը` Պատվիրատուի կողմից`

    • ռասայական, էթնիկական կամ կրոնական ատելության տարածման դեպքում,

    • ահաբեկչական և ծայրահեղական գործունեության տարածման դեպքում,

    • բռնություն կամ հակաիրավական գործողություններ խրախուսող նյութեր տարածելու դեպքում,

    • թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման դեպքում,

    • պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու կամ հրապարակելու դեպքում,

    • գովազդային մասսայական նամակներ (spam) ուղարկելու, ցանցում գտնվող համակարգիչների նկատմամբ ծրագրային և սարքային ոտնձգություններ (հակերություն) իրականացնելու դեպքում,

    • ֆինանսական հանցագործությունների, կիբեռհանցագործությունների խթանման դեպքում,

    • ոչ ճշգրիտ, ոչ հավաստի և/կամ ոչ ամբողջական տվյալներ կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,

    • Ինտերնետի օգտագործման կանոնների և/կամ էթիկայի նորմերի խախտումների դեպքում,

    • սույն Պայմանագրի այլ պահանջների խախտման դեպքում:




 



  1. Կողմերի իրավունքները և պարտականությունները


 



  • Կատարողն իրավունք ունի`

    • պահանջել Պատվիրատուից իրեն տրամադրել Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն,

    • հրաժարվել Ծառայությունները մատուցելուց կամ դադարեցնել Ծառայությունների մատուցումը, եթե տվյալ Հանգուցային անվանումը`

      • արդեն գրանցված է այլ անձի կողմից,

      • համընդհանուր բնույթ է կրում,

      • ներկայացնում է ազգային արժեք, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համապատասխան գրավոր թույլտվություն,

      • արտահայտում է աշխարհագրական տեղանուն, աշխարհահռչակ հապավում, ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համապատասխան գրավոր թույլտվություն:



    • Կատարողը պարտավոր է`

      • Ծառայությունները մատուցել պատշաճ որակով,

      • ընդունել Պատվիրատուի կողմից Պայմանագրի դրույթներին համապատասխան ներկայացված .AM տիրույթում Հանգուցային անվանման գրանցման/հաշվեգրման հայտը և գրանցել Հանգուցային անվանումը,

      • Պատվիրատուին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանումներ, այդ թվում` Հանգուցային անվանման հետ կապված վեճերի լուծման սկզբունքների վերաբերյալ,

      • Պատվիրատուի հայտի հիման վրա իրականացնել .AM տիրույթում Հանգուցային անվանման վերագրանցում,

      • Հանգուցային անվանման գրանցման ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ Պատվիրատուին տեղեկացնել վերագրանցման անհրաժեշտության մասին,

      • պատշաճ կերպով տեղեկացնել Պատվիրատուին .AM դոմենային տիրույթում գրանցված Հանգուցային անվանման պահպանման ժամկետի մասին:



    • Պատվիրատուն իրավունք ունի`

      • պահանջել Կատարողից Ծառայությունները մատուցել Պայմանագրով սահմանված կարգին համապատասխան,

      • միակողմանի կերպով լուծել Պայմանագիրը` նախապես 30 (երեսուն) օր առաջ ծանուցելով Կատարողին:



    • Պատվիրատուն պարտավոր է`

      • Ծառայությունների համար վճարել սույն Պայմանագրով սահմանված կարգով,

      • հետևել Ինտերնետի օգտագործման էթիկայի նորմերին և կանոններին,

      • ապահովել իր կողմից օգտագործվող Հանգուցային անվանման և/կամ տեղաբաշխվող տեղեկատվության, այդ թվում` իր ինտերնետային կայքէջում տեղակայված տեքստային, ձայնային, տեսաձայնային և ծրագրային տեղեկությունների համապատասխանությունը ՀՀ օրենքներին և կիրառելի միջազգային պայմանագրերին:






 



  1. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը


 



  • Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին վճարել սույն Պայմանագրի համապատասխան Պորտալով սահմանված Ծառայությունների ընդհանուր արժեքը, ներառյալ ԱԱՀ:

  • Պատվիրատուն մատուցված Ծառայություների դիմաց վճարումն իրականացնում է կանխավճարային սկզբունքով` մինչև Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման աշխատանքները սկսելու օրը:


 


 



  1. Կողմերի պատասխանատվությունը


 



  • Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:

  • Պատվիրատուն լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված անհատական տվյալների (այդ թվում` անուն (անվանում), հասցե(ներ), հեռախոսահամար(ներ), էլեկտրոնային փոստ), DNS ծառայության, գաղտնաբառի ճշգրտության և համապատասխանության համար, ինչպես նաև նշված տվյալների` շտեմարանում կատարված բոլոր փոփոխությունների համար:

  • Պատվիրատուն լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված տեղեկությունների, նյութերի (ներառյալ տեքստային, ձայնային, տեսաձայնային, ծրագրային) և դրանց բովանդակության համար:


 



  1. Պայմանագրի գործողության ժամկետը


 



  • Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից և գործում է 1 (մեկ) տարի ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 1 (մեկ) ամիս առաջ Պատվիրատուի կողմից Կատարողին սույն Պայմանագիրը երկարաձգելու իր մտադրության մասին ծանուցելու և համապատասխան Պորտալով նախատեսված Ծառայությունների արժեքը վճարելու դեպքում սույն Պայմանագիրը համարվում է երկարաձգված հերթական 1 (մեկ) տարի ժամկետով: Երկարաձգումների քանակը սահմանափակված չէ:

  • Սույն Պայմանագիրը չերկարաձգելու դեպքում Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո Հանգուցային անվանումը պահպանվում է .AM դոմենային տիրույթում ևս մեկ ամիս ժամկետով, սակայն անհասանելի է դառնում այլ օգտվողների համար:

  • Եթե Պատվիրատուն սույն Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Կատարողին չի վճարում սույն Պայմանագրի համապատասխան Պորտալով նախատեսված գումարը` ուղղված Պայմանագրի ժամկետի երկարաձգմանը, Պատվիրատուն կորցնում է .AM դոմենային տիրույթում Հանգուցային անվանման նկատմամբ իր իրավունքները:

  • Չսահմանափակելով սույն Պայմանագրի այլ դրույթներ` Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Նախաձեռնող Կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցում ուղարկել մյուս Կողմին առնվազն 30 (երեսուն) օր առաջ:

  • Սույն Պայմանագրի 1.2.1. կետում նշված ծառայություններից օգտվելու դեպքում սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելիս Պատվիրատուի կողմից կատարված վճարումները ենթակա չեն վերադարձման:

  • Սույն Պայմանագրի 1.2.2. կետում նշված ծառայություններից օգտվելու դեպքում սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելիս Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին վճարել Ծառայությունների մատուցման համար Կատարողի կողմից սահմանված ամսական վճարի և Պատվիրատուի կողմից Ծառայությունների համար վճարված տարեկան արժեքի` 12 (տասներկու) ամիսներին համամասնորեն հաշվարկված գումարի միջև տարբերությունը:


 



  1. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)


 



  • Սույն Պայմանագրով նախատեսված պարտականություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը:

  • Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավել, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս Կողմին:


 



  1. Եզրափակիչ դրույթներ


 



  • Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել մյուս Կողմի կոնֆիդենցիալ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և չհրապարակել այն երրորդ անձանց առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  • Կողմերն իրավունք չունեն Պայմանագրի շրջանակներում ստանձնած իրավունքներն ու պարտականությունները փոխանցել երրորդ անձի` առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:

  • Սույն Պայմանագրի շրջանակում Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծումը հանձնել ՀՀ իրավասու դատարանի քննությանը:

  • Սույն Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ: